Կառավարության ծրագիրն ընդունվեց. այն կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը

Քաղաքական 08.02.2019   10:30   68

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 ՀՀ կառավարությունն այսօր  արտահերթ նիստում հաստատեց կառավարության ծրագիրը ( https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=porc-05-23-02.doc և այն օրենքով սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:

Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված  մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:  Այդ նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն, մասնավորապես, Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության զարգացման նպատակի շուրջ համախմբումը, կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը, տնտեսական գործունեության համընդհանուր հասանելիությունը, ներդրումային միջավայրի գրավչությունը, աշխատանքի և ներդրումների քաջալերումը, կրթության և առողջ ապրելակերպի քաջալերումը:

Ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, իրականացվել են խմբագրական աշխատանքներ, առավելագույնս մշակվել են ստացված առաջարկները ծրագրի նախագծում ներառելու համար:

«Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնք կմշակվեն  Կառավարության ծրագրի հաստատումից անմիջապես հետո»,-ասել է  փոխվարչապետը:  

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության ծրագրի նախագիծի հրապարակումից հետո եղել են որոշակի արձագանքներ, որոնք կառավարությունում աշխատանքային կարգով քննարկվել են:

«Այդ քննարկումը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին:

Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը և այս ծրագով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է  մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է  Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը, և դա  հնարավորություններ ստեղծելն է: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ արձանագրենք՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունը հնարավորություններ ստեղծելն է և մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց քաջալերել, որպեսզի նրանք օգտվեն այդ հնարավորություններից: Կառավարության առանցքային դերակատարումն այն է, որ այդ հնարավորությունները լինեն ոչ թե դեկլարատիվ, այլ կիրառելի: Եվ մարդիկ իսկապես կարողանան ռեալ տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք պետք է ապահովված լինեն կիրառման համապատասխան գործիքակազմով»,-ասել է կառավարության ղեկավարը:

Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Ազգային ժողով կներկայացվեն կառավարության նոր կառուցվածքի մասին նախագիծը, Հարկային օրենսգիրքը, որը շատ կարևոր նշանակություն ունի այս համատեքստում, ինչպես նաև   Հարկային օրենսգրքի համատեքստից բխող մի քանի օրենսդրական նախաձեռնություններ:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներառում է հետևյալ բաժինները.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության հիմնարար ուղենիշերը,
  2. Արտաքին և ներքին անվտանգության ապահովումը (պաշտպանության ոլորտի քաղաքականություն, ներքին անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ կապեր),
  3. Պայքար կոռուպցիայի դեմ (հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկություն, հանրային կառավարում, տնտեսական գործունեության թափանցիկություն),
  4. Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի (օրենքի առջև բոլորի հավասարություն, արդարադատություն և մարդու իրավունքների պաշտպանություն, աղքատության հաղթահարում, սոցիալական պաշտպանություն և ժողովրդագրություն, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ, սպորտ, երիտասարդություն, շրջակա միջավայր),
  5. Մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն (տնտեսական քաղաքականությունը և քաղաքացու բարեկեցությունը, ստեղծարար ներուժի ընդլայնումը և իրացումը, մրցունակ և մասնակցային տնտեսություն, գործարար միջավայր, ներքին շուկաների ազատություն, արդար մրցակցություն, արտահանումը՝ տնտեսական աճի հիմնական շարժիչ, ներդրումների աճը՝ մրցունակության և կայուն աճի նախապայման, զբոսաշրջություն, ՓՄՁ զարգացումը՝ ներառական տնտեսական աճի նախադրյալ, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն),
  6. Տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում և ենթակառուցվածքներ (տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, էներգետիկ բնագավառ, հանքարդյունաբերության ոլորտ, ջրային տնտեսություն, տրանսպորտ, պետական գույքի կառավարում, միգրացիա),
  7. Բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և ռազմարդյունաբերություն (բարձր տեխնոլոգիաներ, կապ և թվայնացում),
  8. Պետական ֆինանսների կառավարում (հարկային համակարգ, պետական ծախսեր):

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարության ծրագիր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon