Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 25.12.2018   09:00   102

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին, ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:

Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին՝ նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Ս. Պողոս առաքյալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:

Ըստ ավանդության` Ս. Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, ովքեր Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պողոս առաքյալ, Գրիգոր Տաթևացի, նախավկա, Հայ Առաքելական Եկեղեցի, Ս. Ստեփանոս

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon