Արցախի մասին Քոչարյանի հայտարարությունների հետքերով

Արցախ 29.06.2019   11:00   147

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռոբերտ Քոչարյանը հունիսի 24-ին «Թիվի 5» ալիքին տված հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց Արցախում իր ղեկավարման շրջանում հողերի ազատագրման, հողեր հանձնել-չհանձնելու, բանակցային գործընթացի վերաբերյալ։ 

Fip.am-ը գնացել է այս հայտարարությունների հետքերով։

Արցախյան պատերազմում իր դերակատարության մասին

«Երբ ես դարձա Արցախի ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ-խմբ.), այն ժամանակ այդպիսի կարգավիճակ ուներ Ղարաբաղը, տարածքի հողերի կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր։ Երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև յոթ շրջան»,- հայտարարեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը Արցախի ղեկավարի պաշտոնը փաստացի ստանձնել է 1992-ի օգոստոսին, երբ, իրոք, նախկին ԼՂԻՄ-ի տարածքի մոտ կեսն ադրբեջանական զորքերի հսկողության տակ էր անցել։ Նա այդ ժամանակ դարձել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ և ԼՂՀ վարչապետ։ Սակայն Քոչարյանի պնդումը, որ այդ ժամանակ՝ 1992-ի օգոստոսին, Ղարաբաղը ուներ ինքնավար մարզի կարգավիճակ, չի համապատասխանում իրականությանը։ ԼՂԻՄ-ը Շահումյանի շրջանի հետ իր անկախությունը հռչակել էր 1991-ի սեպտեմբերի 2-ին, նույն տարվա դեկտեմբերի 10-ին տեղ էր ունեցել Անկախության հանրաքվե։ Այսինքն, Քոչարյանի՝ ղեկավար պաշտոն ստանձնելուց մոտ մեկ տարի առաջ արդեն կար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

ԼՂԻՄ-ի տարածքը պատերազմի ժամանակ ամբողջությամբ չի ազատագրվել, ինչպես նշում է Քոչարյանը։ Մարտակերտի շրջանի մի քանի գյուղեր մինչ օրս գտնվում են կա՛մ ադրբեջանական հսկողության տակ, կա՛մ «չեզոք գոտում»։ Դրանց թվում է Մարաղան, որը ադրբեջանական զինված ուժերը 1992-ի ապրիլին գրավեցին և սպանեցին տասնյակ խաղաղ բնակիչների։

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ մնաց նաև Շահումյանի շրջանը, որտեղից հայկական զինված ուժերը նահանջել էին 1992-ի հունիսին՝ լայնածավալ ադրբեջանական հարձակման հետևանքով։

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող յոթ շրջաններին, ապա դրանք հայկական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել հետևյալ հերթականությամբ. Լաչինը՝ 1992-ի մայիսին, Քելբաջարը՝ 1993-ի ապրիլին, իսկ Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն՝ 1993-ի ամռանը։ Այսինքն, բացի Լաչինից՝ մյուս վեց շրջանները հայկական զինված ուժերի վերահսկողության տակ են անցել Քոչարյանի՝ Արցախի փաստացի ղեկավար եղած ժամանակ։ 

Հողերը հանձնելու մասին 

«Իմ՝ Ղարաբաղում ղեկավար լինելու ժամանակ մենք յոթ շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի։ Եվ այսօր այդ տարածքները ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մասն են կազմում»,- հայտարարեց Քոչարյանը և հավելեց. «Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ»։  

Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքում պատմում է Ղարաբաղի բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման քննարկված տարբերակների մասին։ Քոչարյանը գրքում ոչ միայն ընդունում է, որ որպես ՀՀ նախագահ համաձայնել է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող վեց շրջանների զիջմանը, այլև Մեղրիով Ադրբեջանին ճանապարհ հատկացնելուն։ 

Նա գրում է.

«Ընդհանուր առմամբ, բավական մոտեցել էինք այն տարբերակին, որի դեպքում Ադրբեջանը` Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով, ճանաչում է Հայաստանի մաս՝ մեր կողմից զբաղեցրած տարածքների և Մեղրիով Նախիջևան ճանապարհի հատուկ կարգավիճակի դիմաց, որը պետք է պարեկեին միջազգային խաղաղապահները։ Սակայն բազմաթիվ մանրամասներ էին մնում, որոնք անհրաժեշտ էր պարզաբանել պայմանավորվածության հասնելու համար» (էջ 382)։ Ըստ Քոչարյանի, Քի-Վեսթյան հանդիպման ժամանակ՝ 2001 ապրիլին, այս տարբերակից հրաժարվեց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը (էջ 385)։ 

Բացի այդ, Քոչարյանը 2006 թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.

«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Ազատագրված տարածքների հանձման պատրաստակամության մասին է խոսել նաև Քոչարյանի նախագահության ժամանակ արտաքին գործերի նախարար աշխատած Վարդան Օսկանյանը։ 2001-ին նա հայտարարել էր. «Եթե մենք ստանում ենք Ղարաբաղի մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պետք է վերադարձվեն»։

Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանից դուրս մնալու մասին

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին բանակցությունների սեղանից դուրս թողնելու՝ իրեն հասցեագրված մեղադրանքներին՝ Քոչարյանը պատասխանեց, թե դրանք «հեքիաթներ» են։ 

«Ես դարձել եմ նախագահ 1998 թվին, Արցախը բանակցությունների սեղանին…. ընդհանրապես բանակցություններ չեն եղել Լիսաբոնի 1996 թվի գագաթնաժողովից հետո։ Ուղղակի աբսուրդ է»,- հայտարարեց Քոչարյանը։

Իրականում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ (ՀՀ-ԼՂՀ-Ադրբեջան) հանդիպումը եղել է 1997-ի ապրիլին՝ Մոսկվայում։ 1998-ին Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց հետո, եռակողմ հանդիպումներ և բանակցություններ այլևս չեն եղել։ 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն 2009 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ այցելության ընթացքում նշել էր. «Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ»։ 

Քոչարյանը 2004-ի ապրիլի 3-ին «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալուն.

«Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` Ղարաբաղի ղեկավարությունը: Հարց էր առաջանում. միթե՞ Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորոշումը և մոտեցումները մշակելու համար: Այսինքն՝ ոչ թե «մենք համաձայն ենք կարգավորման ցանկացած ձևի, որին կհամաձայնի Ղարաբաղը», այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի»,- ասել է Քոչարյանը։

Այսպիսով, ՀՀ երկրորդ նախագահը անուղղակիորեն ընդունել է Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալու նպատակահարմարությունը և դրանում իր պատասխանատվությունը, եզրափակում է Fip.am-ն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂ, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon