12:00 - 18.01.2019

1990-1998 թթ. իրողություններն ու քաղաքական արդյունքները (տեսանյութ)

1990-1998 թթ. իրողություններն ու քաղաքական արդյունքները

1. Հայաստանն անկախության շրջափուլ մտավ ծանրագույն խնդիրներով ու մարտահրավերներով.

  • 1988-ի երկրաշարժից մեկ երրորդով ավերված երկիր` կես միլիոնի չափ անօթևաններով,
  • 300.000-ի չափ մազապուրծ բռնագաղթվածներ, տնտեսական խուլ շրջափակում, ու դրա հետևանք` էներգե­տիկ սուր ճգնաժամ,
  • ըստ էության՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղ, փաստական պատերազմական վիճակ, քիչ անց՝ իրական պատերազմ,
  • խիստ սահմանափակ ռեսուրսներ։

Այս խնդիրներից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավեր կարող էր համարվել անգամ եվրոպական միջին կարգի մի պետության համար։

Միակ ռեսուրսը, որով Հայաստանը գերազանցում էր մյուս հանրապետություններին, նյութական չէր։ Դա հաղթած ժողովրդի բարձր բարոյահոգեբանական մակարդակն էր, հասարակության ոգևորությունը, անկախությանը նախապատրաստվածության աստիճանը, նոր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը։

Սահմանադրական ճանապարհով, օրենքի տառի պահպանմամբ, ընտրությունների միջոցով իշխանության հասած Համաժողովրդական շարժման քաղաքական կառույցը՝ Հայոց համազգային շարժումը, հետևողականորեն ապավինելով իր քաղաքա­կան ծրագրին և հռչակած սկզբունքներին, ձեռնամուխ եղավ ան­կախ պետականության ստեղծմանը և նրա կառույցների շինարարությանը։ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախութ­յան հռչակագիրը՝ հայտարարելով անկախության գործընթացի սկիզբը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաք­վեով հռչակվեց Հայաստանի անկախությունը, սեպտեմբերի 25-ին ընդունվեց «Անկախ պետականության հաստատման մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքը, իսկ հոկտեմբերի 16-ին 83,4% ձայներով Հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանը միակ հանրապետությունն էր, որն ան­կախության հասավ բացառապես ԽԱՀՄ օրենքների շրջանակներում ու դրանով իսկ ապահովեց ապագայում, երբևէ, որևէ իրավիճակում իր անկախության իրավական անխոցելիութ­յունը։

2. Առաջին հետկոմունիստական՝ Հայոց համազգային շարժ­ման իշխանությունն օժտված էր բարձր օրինակարգությամբ, հեղինակությամբ և հասարակական վստահությամբ։ Այն հենվում էր, մի կողմից՝ շուրջ երկուսուկեսամյա Հայկական ժողովր­դավարական շարժման վաստակի, մյուս կողմից՝ նոր իշխանության վստահ և արդյունավետ քայլերի ու գործողությունների վրա։ Հասարակական այդ վստահությունից օգտվելով և վճռականություն ցուցաբերելով՝ հենց սկզբում՝ 1990թ. ամռանը, նոր իշխանությունը կարողացավ չեզոքացնել Խորհրդային Միութ­յան հոգեվարքի անկառավարելի շրջանում, որպես կանոն՝ բոլոր հանրապետություններում ազգայնականության հիմքի վրա գոյա­ցած զանազան խմբավորումների և զինված բանդաների վտան­գը։ Հայաստանում դա, այսպես կոչված, ՀԱԲ-ն էր ու նաև այլ, ավելի մանր, նույնաբնույթ զինված խմբավորումները։ Պատկե­րացնելու համար դրա վտանգավորությունը, պետք է ընդամենը աչքի առաջ ունենալ հարևան Ադրբեջանի և Վրաստանի օրինա­կը, որտեղ դա չհաջողվեց անել, ինչի հետևանքը եղան այդ երկրներում անիշխանության, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի կործանարար երևույթները և, վերջին հաշվով, տա­րածքային կորուստները։ Չափազանց կարևոր այդ խնդրի լուծմամբ ապահովվեց ինչպես երկրի ներքին կայունությունը, կարգուկանոնի հաստատումը, այնպես էլ առաջիկա պատերազմում հաջողությունները։

3. Պետականության կայացման, կառուցման գործում առանցքային դեր խաղաց իշխանության եկած ուժի քաղաքա­կան որակը։ Ի տարբերություն մյուս նորանկախ հանրապետությունների՝ Հայաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժը հաջողությամբ խույս տվեց պետական պաշ­տոնները միայն իր կուսակիցներին տալու, կուսակցապետություն ստեղծելու գայթակղությունից։ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, վարչապետի, ՀՀ փոխնախագահի, տարբեր ոլորտնե­րի նախարարների պաշտոններ վստահվեցին Կոմունիստական կուսակցության արժանավոր կադրերի, գիտության և արտադ­րության ոլորտի ոչ կուսակցական կարող անձանց, ինչպես նաև Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների։ Փաստ է, որ ՀՀՇ-ի իշխա­նության օրոք գործած երեք կառավարություններից յուրաքանչ­յուրում թվով 36-38 նախարարներից ՀՀՇ անդամ են եղել հինգ կամ վեց հոգի։ Հարաբերակցությունը նույնն էր նաև միջին պաշտո­նեության մակարդակում։ Նրանցից շատերը հաջողությամբ կարո­ղացան իրացնել իրենց մասնագիտական, կազմակերպական և այլ կարողությունները՝ ի նպաստ հայկական պետականության կայացման։ Բնականաբար, եղան նաև իրենց նկատմամբ վստա­հությունը չարդարացնողներ։ Լայն կադրային բազայի ապահովումը նույնպես կարևոր դեր խաղաց երկրի ներքին կայունության ապահովման ու հասարակական վստահության համար, մի բան, որ կենսականորեն անհրաժեշտ էր փաստական պատերազմի մեջ գտնվող երկրին։

90-ականների իշխանությունը, նաև մինչև Սահմանադրության ընդունումն էլ, գործում էր իշխանությունների լիակատար տարան­ջատման սկզբունքով, յուրաքանչյուր ոլորտի ղեկավար լիակա­տար ազատ էր իր իրավասությունների շրջանակներում որոշումներ ընդունելու տեսակետից։ Այս հանգամանքը և առանց­քային քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդկանց քաղա­քական պատասխանատվությունն ապահովում էին աշխատանքի արդյունավետությունն ու ներդաշնակությունը, ծագած խնդիրնե­րի ռացիոնալ լուծումը։ Նկատի ունենք, առաջին հերթին, պետա­կանության չորս հիմնասյուները. Հայաստանի` օրենսդրական աշխատանքի փորձ չունեցող պատգամավորներից ձևավորված Գերագույն խորհուրդը (ապա` Ազգային ժողովը)՝ Բաբկեն Արարքցյանի ղեկավարությամբ, ոչ միայն կայացավ որպես բազմարդյունք օրինաստեղծ մարմին, այլև ամենասուր քաղաքական քննարկումների ասպարեզ՝ առ այսօր իր որակով անհասանելի հաջորդ խորհրդարանների համար, Կառավարությունը` Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ, որ համարձակորեն իրականաց­րեց հիմնական արմատական վերափոխումները, բարեփոխումնե­րը, պաշտպանության բնագավառը, որտեղ Վազգեն Սարգսյանին հաջողվեց բանակի հիմքում համատեղել ու ներդաշնակել բնույ­թով ֆիդայական ջոկատների, պրոֆեսիոնալ զինվորականության և նորակոչիկների ռեսուրսը, և ներքին գործերը, որ կոմունիստա­կան իշխանության վերջին տարիներին բարոյալքվել և անզոր էր դարձել ամեն տեսակ կրիմինալի դեմ, կարճ ժամանակում իրեն վե­րագտավ ու հասարակական կարգի պահպանության իր գործա­ռույթը լիակատար իրականացրեց Վանո Սիրադեղյանի ղեկավարությամբ։

Փաստ է, որ նորանկախ հանրապետություններում իշխանութ­յան եկած ժողովրդավարական շարժումները, այդ թվում՝ մերձբալթյան շարժումները, չկարողացան հաղթահարել իշխանության փորձությունը և 1-2 տարի հետո կորցրին իշխանությունը։ Հայկա­կան ժողովրդավարական շարժումը միակն էր, որը կարողա­ցավ հաղթահարել իշխանության փորձությունը՝ միաժամանակ լուծելով երկրին բաժին ընկած տասնապատիկ ծանր խնդիրները, հարատևեց ութ տարի։ Դա տվյալ քաղաքական ուժի որակի և հասունության ապացույցն է։

4. Հայաստանի իշխանությունը բարձր հեղինակությամբ էր օժտված նաև երկրի սահմաններից դուրս։ 1991թ. օգոստոսին՝
Մոսկվայում ռեակցիոն ուժերի իրականացրած պետական հեղաշրջման օրերին, թերևս, ամենամեծ վտանգի առաջ էր կանգնած Հայաստանը՝ խորհրդային կենտրոնի «աչքի փուշը»։ Իշխանությունը ոչ միայն կարողացավ բացառիկ ճկունությամբ խուսափել այդ վտանգից, այլև ամեն ինչով օժանդակել Ռուսաստանի ժողովրդավար ուժերին՝ ծագած դավադրությունը տապալելու գործում։ Դրանից հետո Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև առանցքային դերակատարություն ունեցավ խորհրդային կենտրոնական իշխանության վերակենդանացմանը միտված փորձերը կանխելու, ԽՍՀՄ անցնցում կազմաքանդումն ապահովելու գործում։ Այդ օրերին նրա ելույթներից մեկի խոսքերը՝ «Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եվ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին՝ նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ»՝ աշխարհի բազմաթիվ առաջատար թերթեր որպես
վերնագիր էին օգտագործում տվյալ թեմայով իրենց հրապարակումների համար։

Հայաստանի նախագահը առանցքային դերակատարում ունե­ցավ նաև Ռուսաստանում կոմունիստների իշխանության վերա­կանգնման երկրորդ վտանգը կանխելու գործում 1996 թվականին։ Նրա ձևակերպած բանաձևի տակ է, որ դրվեցին ԱՊՀ երկրների խորհրդաժողովի մասնակիցների ստորագրությունները, մի փաս­տաթուղթ, որը կարևոր դեր խաղաց նախագահական ընտրութ­յուններում Ելցինի հաղթանակն ապահովելու գործում։

5. Նորանկախ Հայաստանի իշխանության քաղաքական օրակարգի առաջին տեղում, բնականաբար, շարունակեց մնալ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ադրբեջանի դեմ ջոկատային կռիվները շուտով վերածվեցին իրական լայնամասշտաբ պատերազմի, որը պետք է խլեր հազարավոր մարդկային կյանքեր և հանրապետության՝ առանց այն էլ սուղ ռեսուրսների առյուծի բաժինը։ Ըստ էության՝ Հայաստանի վրա էր նաև Ղարաբաղի տնտեսական, սոցիալական ապահովումը։ Տարածքային, մարդկային, տնտեսա­կան ռեսուրսներով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի դեմ պատերազմն ավարտվեց հաղթանակով, 1994 թվականի մա­յիսի 12-ին հայկական կողմի համար հնարավոր ամենաշահեկան վիճակում կնքվեց զինադադար։

Ադրբեջանի կողմից, ըստ էության՝ օկուպացված Ղարաբաղը ոչ միայն ազատագրվեց, այլև նրա շուրջ ստեղծվեց տարածքային լայն ու ապահով անվտանգության գոտի։ Ո՛չ Հայաստանում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում 1988-ից ի վեր, երբևէ ոչ մեկը չէր պատկերացրել և չէր երազել նման արդյունք։

Ադրբեջանի նյութական, ռեսուրսային և այլ գերազանցություն­ները հնարավոր եղավ չեզոքացնել ու նրա նկատմամբ հաղթանակ ապահովել մի շարք հանգամանքների շնորհիվ.

Ա) Հակառակորդի նկատմամբ առաջանցիկ տեմպերով ան­կախ պետականության կառույցների կայացումը, բանդի­տիզմի վտանգի ժամանակին կանխումը, ներքին կարգուկանոնի հաստատումը.

Բ) Առաջանցիկ տեմպերով կանոնավոր բանակի ստեղծումը, հնարավոր բոլոր ռեսուրսների համախմբմամբ զինված ու­ժերի հմուտ կազմակերպումը և ղեկավարումը.

Գ) Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակում ջերմ հա­րաբերությունների ստեղծումը, զենքի և զինամթերքի ավե­լի շուտ ձեռքբերումը.

Դ) Արմատական բարեփոխումների շնորհիվ միջազգային աս­պարեզում, որպես ժողովրդավարական երկիր, Հայաստա­նի հեղինակության ապահովումը.

Ե) Ճկուն և արդյունավետ արտաքին քաղաքականությունը, հաղթանակների ձեռքբերման ու դրանց արդյունքների պահպանման դիվանագիտական ապահովումը.

Զ) Ողջ ժողովրդի՝ Շարժման տարիներից եկած ու պահպան­վող բարոյահոգեբանական գերազանցությունը հակառա­կորդի նկատմամբ, բանակում դրանից բխող մարտական ոգին ու զինվորների քաջությունը,

է) Իշխանության նկատմամբ ժողովրդի չսասանվող հավատը։

Կարծես թե այս ամենը դժվար է ուրիշ մեկին վերագրել, քան, առաջին հերթին, ժամանակի իշխանությանը։

6. Պատերազմ մղող երկրում սովորաբար գործում են պատերազմական օրենքներ, դադարեցվում են ամեն կարգի բարեփոխումները, սահմանափակվում են մարդկանց որոշակի իրավունքներ, ազատություններ և այլն։ Նման բաները նախատեսում են անգամ ամենաժողովրդավարական երկրների սահմանադրությունները։ Հայաստանն, իրական պատերազմի մեջ գտնվելով հանդերձ, չէր կարող գնալ այս ճանապարհով։ Պետք է աշխարհին ներկայացվեր, որ պաշտոնապես պատերազմող կողմը Լեռնային Ղարաբաղն է, այլապես Հայաստանը կճանաչվեր ագրեսոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և, առաջին հերթին, հենց Ղարաբաղի կորստով։

Պատերազմի տարիներին չսահմանափակվեց ոչ մի ժողովրդա­վարական նորմ ու մարդու իրավունք։ Անգամ պատերազմի ամե­նածանր ու պատասխանատու օրերին Ազատության հրապարակն ու Բաղրամյան պողոտան ազատ էին ընդդիմության ամեն կարգի հանրահավաքների ու ցույցերի համար։ Զանազան ընդդիմադիր խմբավորումներ լայնորեն օգտվում էին այդ հնարավորությունից՝ հաճախ դրանով մեծապես վնասելով ռազմաճակատում մեր հա­ջողություններին։ Մամուլը և զանգվածային լրատվության այլ մի­ջոցներ բացարձակ ազատ էին իրենց հրապարակումներում ու հաղորդումներում։ Հենց այդ տարիներին իրականացվեցին հիմ­նական ժողովրդավարական ու տնտեսական վերափոխումները։ Հենց այդ տարիներին էր, որ միջազգային ասպարեզում Հայաս­տանի համար օգտագործվում էր «ժողովրդավարության կղզյակ» բնորոշումը։

7. Ռազմաճակատում առարկայացած հաղթանակները, մասնավորապես՝ ազատագրված տարածքների տեսքով, տեսանելի ու շոշափելի են բոլորին։ Ռազմաճակատում հաղթանակները, նաև դրանց արդյունքների ամրագրումն ու պահպանումը, սակայն, անհնար են առանց դիվանագիտական նախապատրաստության և ապահովման։ Պատերազմը միայն դաշտային ռազմաճա­կատը չէ։ Իր նշանակությամբ ու կարևորությամբ նույնպիսի մի ռազմաճակատ է արտաքին հարաբերությունները։ Հանրապե­տության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդհանուր ղեկավա­րությամբ, հարևանների համեմատությամբ առաջանցիկ տեմպերով, կայացավ հայկական դիվանագիտական դպրոցը և կառույցը՝ հընթացս արձանագրելով փայլուն հաջողություններ։

Հասարակությունը դիվանագիտական ճակատում քիչ բան է տեսնում, շատ բաներ մնում են տասնամյակներով փակ փաս­տաթղթերում, շատ բաներ էլ ընդհանրապես փաստաթղթերի չեն վերածվում։ Առանց դիվանագիտական նախապատրաստության՝ ռազմաճակատում ու պատերազմում չեն կարող լինել հաղթանակ­ներ ու ամրագրվել հաղթանակների արդյունքները։ Ուստիև՝ Ղա­րաբաղյան պատերազմում տարած հաղթանակների ու շահեկան վիճակում հրադադարի արձանագրման տակ դրված են դիվանագիտական ճակատում ահռելի աշխատանք, շատե­րին անհայտ տասնյակ ու հարյուրավոր հաջողություններ ու հաղթանակներ։

Դրանցից այստեղ հիշատակենք ամենակարևոր, ֆունդամեն­տալ երկու հաջողություն, որոնք իրենց նշանակությամբ հավասա­րազոր են ռազմական հաղթանակներին։

Առաջին. ապահովվեց, որ ընթացող պատերազմի մասին մի­ջազգային ամենաբարձր ատյանների փաստաթղթերում չլինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող էին Հայաստանի նկատմամբ սանկցիաների հիմք հանդիսանալ։ Մասնավորապես՝ 1993թ.ՄԱԿ-ի 822, 853, 874, 884 բանաձևերում արձանագրվեց, որ Լեռ­նային Ղարաբաղում պատերազմն ընթանում է Ադրբեջանի և «տե­ղական հայկական ուժերի» (որ նշանակում է՝ Ղարաբաղի ուժերի) միջև։ Սա նշանակում էր բացառել Հայաստանն ագրեսոր համարելու մեղադրանքը։ Սա կենսականորեն կարևոր էր Ղա­րաբաղի ներկայի, ռազմական հաջողություններին չխոչընդոտե­լու իմաստով։ Սա, ըստ էության, նաև կարևոր հիմք էր ավելի ուշ՝ Լեռնային Ղարաբաղը ոչ թե որպես հակամարտության օբյեկտ, այլ հակամարտություն սուբյեկտ (կողմ) արձանագրելու համար։

Երկրորդ. Լեռնային Ղարաբաղի համար ձեռք բերվեց հակա­մարտության կողմի միջազգայնորեն ճանաչված մանդատ։ Դա տեղի ունեցավ 1994 թվականի Բուդապեշտի ԵԱՀԿ-ի գագաթ­նաժողովում և վերահաստատվեց Պրահայի հաջորդ տարվա գագաթնաժողովում։ Դրանով Ղարաբաղը լիարժեք, որպես հավասար կողմ` մասնակցում էր հակամարտության գործընթացի կարգա­վորմանը։ Դա հայկական կողմին նաև ճկունության մեծ հնարա­վորություն էր ընձեռում։ Եվ վերջապես՝ դա, ըստ էության, բացառում էր ինքնորոշման խնդիրը տարածքային վեճի վերածե­լու ու այդ հիմքի վրա հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, ինչին ինքնամոռաց ձգտում էր Ադրբեջանը։ Հակամարտության կողմի այդ մանդատը ձեռք էր բերվել հայկական դի­վանագիտության քառամյա ամենանուրբ, համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ձեռք էր բերվել՝ հաղթահարելով ոչ միայն Ադրբեջանի համառ դիմադրությունը, այլև միջազգա­յին հանրության հասկանալի չկամությունը (նրա համար տարածքային ամբողջականության հիման վրա որևէ հակամար­տության կարգավորումն ավելի դյուրին է)։ Ղարաբաղի՝ միջազ­գայնորեն ճանաչված մանդատի ձեռքբերումը հակամարտության որևէ կարգավորման դեպքում անհնար էր դարձնում ինքնորոշման իրավունքի սկզբունքի ստորադասումը տարածքային ամբողջա­կանության սկզբունքին, անշրջանցելի էր դարձնում Ղարաբաղի ինքնորոշման հեռանկարը։ Այսինքն՝ դա կենսականորեն կարևոր էր Ղարաբաղի ապագայի իմաստով։ Հենց որպես այդպիսին էլ այն Հայաստանի արտաքին քաղաքական հաջողությունների պսակն էր, Ղարաբաղի ապագայի երաշխիքը։ Եռանախագահները կարգավորման որևէ ծրագիր ներկայացնում էին միաժամանակ երեք կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին, որոնցից յուրաքանչյուրը «վետոյի» հավասարազոր իրա­վունք ուներ։

8. Ինչպես ասվեց, Հայաստանի դիվանագիտությունը Ղարա­բաղի ինքնորոշման իրավունքի անխոցելիությունն ապահովող այս հաջողություններին հասել էր նաև հաղթահարելով միջազգային հանրության չկամությունը։ 1996թ. դեկտեմբերին փորձ արվեց հետ մղել Հայաստանին այդ դիրքերից։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթ­նաժողովում, որին մասնակցում էին 54 երկրների ղեկավարներ, ներկայացվեց մի բանաձև, որտեղ որպես կարգավորման հիմք՝ միասին նշվում էին ինչպես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշ­ման իրավունքի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբող­ջականության սկզբունքները միաժամանակ։Ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների՝ որպես կարգա­վորման հիմք՝ միատեղ հիշատակման դեպքում նշանակում է՝ առաջինը պետք է տեղավորվի երկրորդի մեջ։ Այլ կերպ անհնար է։ Այսինքն՝ դրանով կանխորոշվում էր Ղարաբաղի կարգավիճակը, նշանակում էր, որ մեկի (Ղարաբաղի) ինքնորոշումը կարող էր լի­նել մյուսի (Ադրբեջանի) տարածքային ամբողջականության շրջա­նակներում։

Լևոն Տեր-Պետրոսյանը, հակադրվելով բոլորին, վստահո­րեն վետո դրեց ԵԱՀԿ բանաձևի այդ կետի վրա։

Նման քայլ իրեն կարող էր թույլ տալ երկրի օրինակարգ, անձ­նապես լիակատար անխոցելի, պետական գործչի մտածելակեր­պով օժտված, միջազգային ասպարեզում որոշակի կշիռ և համարում ունեցող երկրի նախագահը, որը նաև խնդիր չուներ նման քայլով հարուցելու անձամբ իր նկատմամբ աշխարհի հզոր­ների դժգոհությունը։

9. Հայաստանի արտաքին քաղաքականության երկրորդ կարևորագույն խնդիրը բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալն էր։ Դա կարևոր էր երկրի անվտանգության իմաստով՝ ընդհանրապես, իսկ տվյալ դեպքում առաջնա­հերթ գործնական նշանակություն ուներ շրջափակման, տնտեսության համար կործանարար պայմանների վերացման հա­մար։ Խնդիրը վերաբերում էր, մասնավորապես, Թուրքիային՝ նկա­տի ունենալով Հայոց ցեղասպանության հարցը։ Վերջինիս հետ հարաբերությունների հիմքում դրվեց նման դեպքերի համար մի­ջազգային պրակտիկայում հայտնի «Համաձայնություն տարաձայ­նությունների մասին» բանաձևը։ Արձանագրվում էր երկու իրողություն. Հայաստանը համարում է, որ 1915 թվականին Թուրքիայում ցեղասպանություն է իրականացվել հայերի դեմ, Թուրքիան համարում է, որ նման բան չի եղել։ Առայժմ լուծման չտրվող այս խնդիրը մի կողմ դնելով՝ երկու պետությունների հարաբերութ­յունները կարգավորվում են։

Այս հիմքի վրա հայ-թուրքական հարաբերությունները հաջո­ղությամբ մոտենում էին վերջնական կարգավորման եզրագծին։ Հայաստանի համար ամենածանր շրջանում Թուրքիան բացեց սահմանը, և Հայաստանը նրա ճանապարհներով ցորենի մեծ խմբաքանակ ստացավ։ Կարգավորման գործընթացը կանգ առավ հայկական ուժերի՝ Քարվաճառ մտնելուց հետո։ Եվ այնուամենայ­նիվ, Թուրքիայի հետ հարաբերությունների վերոհիշյալ բանաձևը շարունակեց պահպանվել՝ պատերազմի և հետագա տարիներին ըստ հնարավորի ապահովելով Թուրքիայի չեզոքութ­յունը։

(Ծանոթագրություն. 1998 թվականին կատարված պետական հե­ղաշրջումից հետո տրամագծորեն, 180 աստիճանով փոխվեց Հա­յաստանի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը և ուղղությունը։ Դրա հիմքում դրվեցին ամբողջ մի տասնամյակ մերժ­ված ավանդական պատկերացումները, հայդատականությունը, պատմական իրավունքի վրա հենված պահանջատիրությունը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խրտվիլակը։ Արդեն հարյուր տարուց ավելի այդ ամենը ծառայել էր որպես ժողովրդի մեջ էժան հեղինակություն և համարում ձեռք բերելու, անձնական կամ խմբային հարցեր լու­ծելու, ոչ օրինակարգ իշխանության կամ ազդեցության հաստատ­ման միջոց՝ անհամար փորձանքներ ու արհավիրքներ բերելով նույն այդ ժողովրդին։ Բնականաբար, այն նույնպիսի հետևանք­ների պիտի հանգեցներ նաև արտաքին քաղաքական վերոհիշյալ երկու հիմնական հարցերում։

Հայ-թուրքական հարաբերություններում. 1998թ. սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ռ. Քոչարյանը Ցեղասպանության մասին ելույթով ազդարարեց այդ անցումը։

Այդ պահին հայ հասարակության՝ քաղաքական նրբություններին անտեղյակ շրջանակները, ու մանավանդ՝ Սփյուռքը, բուռն ծափահարություններով ընդունեցին «հերոսական» այդ ելույթը։ Հաջորդ պահին կամ տարիներին, սակայն, նրանք մոռացան, որ այդ ելույթին չհետևեց խնդիրը որպես այդպիսին ՄԱԿ-ի օրակարգ մտցնե­լու գործողությունը՝ երկիրը միջազգային ասպարեզում դարձնելով ծիծաղի առարկա։ Եվ այս ելույթի քաղաքական միակ արդյունքը եղավ այն, որ Թուրքիան հիմք ստացավ սեղանին դնելու Ցեղասպա­նության լինել-չլինելու հարցով «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը։ Ավելի ուշ, արդեն Ս. Սարգսյանը դրա տակ դրեց Հայաստանի ստորագրությունը։ Քաղաքական իմաստով դա այլ բան չէր, քան Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնե­լու, ուրանալու խայտառակ փաստ։ 100 տարվա ընթացքում ավելի մեծ վնաս Հայոց ցեղասպանության խնդրին ոչ մեկը չէր տվել։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բուն խնդի­րը մտավ վայրիվերումների փուլ և դարձավ շատ ավելի անհեռան­կար, քան եղել էր երբևէ։

Լեռնային Ղարաբաղի հարցում. Ռ. Քոչարյանի և նրա հաջորդ Սերժ Սարգսյանի օրոք ու նրանց ձեռքով ի չիք դարձան նաև Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտության երկու կարևորագույն ձեռքբերումները։ 1999թ. նոյեմբերի 19-ին Ռ. Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով, ըստ էության, ճա­նաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։

Հաջորդ քայլով Ռ. Քոչարյանը զրկեց Լեռնային Ղարաբաղին հակամարտության կողմի միջազգային մանդատից՝ համարելով, որ ինքը, որպես ծագումով ղարաբաղցի, կարող է կարգավորման գործընթացում ներկայացնել և Հայաստանը, և Ղարաբաղը։ Միաժամանակ նա կատարեց, ըստ էության, դավաճանական քայլ՝ բանակցությունների սեղանին դնելով Մեղրին Լաչինի հետ փոխա­նակելու ծրագիրը։ Այս քայլերը, կարծես թե, պայմանավորված էին մեկից ավելի հանգամանքներով, այն է՝ քաղաքական տկարամտության ու գավառամտության դրսևորում, միջազգային հանրութ­յանը դուր գալու, Հոկտեմբերի 27-ը մարսելու, չունեցած ներքին օրինակարգությունն արտաքին օրինակարգությամբ լրացնելու ձգտում։ Սա նաև յուրատեսակ տուրք էր հայդատականության՝ պահանջատիրության գաղափարախոսությանը, ըստ որի Հայաս­տանը պետք է պահանջի և ստանա իր պատմական հողերը, ին­չին տրամագծորեն հակադիր էր Ղարաբաղի խնդիրը ինքնորոշման իրավունքի վրա լուծելու գործընթացը։ Բոլոր դեպքերում՝ Ադրբեջանը ստացավ երկու նվեր, որոնց մասին չէր կարող անգամ երազել։ Դրանով լիակատար փոխհատուցվեցին 1991-94թթ. նրա դիվանագիտական ծանր պարտությունները։ Շուտով միջազգային զանազան փաստաթղթերում, պաշտոնյաների հայտարարություններում սկսեցին օգտագործվել «օկուպացված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «Ադրբեջանի տարածքային ամբողջա­կանություն» և այլ վտանգավոր ձևակերպումներ։

Վերջապես, որպես այս ամենի հետևանք՝ ծնվեցին «Մադրիդյան սկզբունքները», որում առանցքային դրույթը հետևյալն է. հակամարտության կարգավորում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրա­վունքի հիման վրա միաժամանակ։ Հայաստանը՝ ի դեմս Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի, ոչ միայն համաձայնել է սրան, այլև այն տարփողում են որպես Ղարաբաղի հարցում կարևորագույն ձեռքբերում։ Բայց դա բառացի հենց այն դրույթն էր, որի վրա, չնայած միջազգային հանրության, այդ թվում ՝ ԱՄՆ-ի բուռն ճնշումներին, 1996թ. վետո էր դրել Լևոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ Լիսաբոնի գա­գաթնաժողովում։ Որովհետև, կրկնենք, երկու սկզբունքների համա­տեղ հիշատակումն այլ բան չի նշանակում, քան Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջակա­նության շրջանակներում։ Որովհետև «տարածքային ամբողջակա­նությունը» քարտեզով ամրագրված կոշտ հասկացություն է, «ազգի ինքնորոշումը»՝ առաձգական՝ սկսած մշակութային ինքնավարությունից մինչև լիակատար անկախություն։ Հասկանալի է, որ այս եր­կու սկզբունքների համատեղ հիշատակումը նշանակում է, որ «առաձգականը» պետք է տեղավորվի «կոշտի» մեջ։ Եվ դա՝ անկախ այն բանից, թե ուրիշ էլ ինչ է գրված Մադրիդյան փաստաթղթում։

Այս ամենը, կարծես թե, ավելի բարդ չէ, քան երրորդ դասարանի թվաբանական խնդիրը)։

10. Հաջողությամբ լուծվեց Հայաստանի արտաքին քաղաքա­կան երրորդ կարևորագույն՝ անվտանգության համակարգի ան­դամ դառնալու խնդիրը։

1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան ստո­րագրեցին Բելովեժյան համաձայնագիրը ԽՍՀՄ-ի՝ որպես միջազ­գային սուբյեկտի գոյության դադարեցման և միջազգային համագործակցության նոր սուբյեկտ` Անկախ պետությունների հա­մագործակցություն կազմավորելու մասին։

Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինը Հա­յաստանի անդամակցության հայտ ներկայացրեց այդ համագոր­ծակցությանը։ Հետաքրքիր է, որ նա դրանից դեռ մոտ մեկ տարի առաջ կանխատեսել էր ոչ միայն Խորհրդային Միության այդօրի­նակ վախճանը, նշել այն սկզբունքները, որոնցով պիտի նրա տե­ղում կառուցվեր համագործակցության և անվտանգության նոր համակարգը, այլև, այնքան ճշգրիտ բնորոշել այն, որ հենց այդ բնորոշումն էլ դարձավ հետխորհրդային այդ կառույցի անունը. «...Խորհրդային Միության ապագան մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ. միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող անկախ պետությունների համագործակցություն, որտեղ բա­ցառվում է միութենական կառավարության, ընդհանուր Սահմա­նադրության և միասնական օրենսդրության գոյությունը» (տե՛ս՝ «Ընտրանի», էջ 175):

Հայաստանի անվտանգության իմաստով կարևորագույն նշա­նակություն ունեցան 1993թ. Հայաստանում ռուսական սահմանա­պահ զորքերին ռազմաբազայի կարգավիճակ տալը, 1997 թվականին կնքված Հայ-ռուսական մեծ պայմանագիրը, Իրանի և Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստա­տումը։

11. Հայտնի է, որ երկրի հասարակական, տնտեսական կյան­քում արմատական վերափոխումների, բարեփոխումների իրակա­նացումը յուրաքանչյուր իշխանության համար ոչ միայն քաղաքական կամք, այլ նաև ռիսկ է պահանջում։ Քանզի այդ բա­րեփոխումները, տվյալ ոլորտում արդեն գործող մեխանիզմների խախտում ու խզում լինելով, դրական արդյունքներն ի հայտ են բե­րում ոչ անմիջապես, այլ տարիներ անց, հաճախ՝ հաջորդ իշխա­նության օրոք։ Իսկ իրականացման շրջանում և առաջին տարիներին դրանք, նախևառաջ, անխուսափելի դժվարություն­ներ հարուցող գործոններ են՝ ամենևին ոչ դրական ազդեցությամբ տվյալ իշխանության հասարակական վարկանիշի վրա։ Ասել է թե՝ լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժն առաջնորդվում է ոչ թե այդ պահին սեփական վարկանիշի բա­րելավման և իշխանության պահպանման մղումով, այլ պետական մտածողությամբ քաղաքական կամք ու ռիսկ է դրսևորում՝ ելնե­լով պետության ու ժողովրդի ապագայի շահերից։

Անկախ Հայաստանի առաջին ժողովրդավար իշխանությունը 1990 թվականից ի վեր երկրում, նորանկախ այլ հանրապետութ­յունների համեմատությամբ՝ առաջանցիկ տեմպերով, իրականաց­րեց ամենաարմատական վերափոխումներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ելնելով Անկախության հռչակագրի դրույթներից։ Հաստատվեց բազմակուսակցական համակարգ։ Դեռ 1990թ. նոյեմբերին ապագաղափարախոսականացվեց և ապաքաղաքականացվեց երկրի հասարակական կյանքը՝ կուսակցութ­յունների գործունեության համար սահմանելով միայն տարածքային սկզբունքը։ Առանձին օրենքներով և որոշումներով ապահովվեց մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների լիակատար գործողությունը։ Լեզվի մասին օրենքով ապահովվեց հայոց լեզվի գործառությունը որպես պետա­կան լեզու՝ ինչպես կրթության, այնպես էլ գործավարության մեջ։ Անհատույց սեփականաշնորհվեց հողը և պետական բնակարա­նային ողջ ֆոնդը։ Մանր և միջին ձեռնարկություններից սկսվեց սպասարկման և արտադրական ձեռնարկությունների սեփականաշնորհումը։ Ազատականացվեց շուկան, հաստատվեց մրցակցային սկզբունքը։ Սկսվեցին սպասարկման և արտադրական օբ­յեկտների սեփականաշնորհման, շուկայի ազատականացման ծանրագույն բարեփոխումները։

Հասարակական ու մանավանդ տնտեսական կյանքում իրականացված բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին օբ­յեկտիվ գնահատականները պետք է փնտրել ոչ թե ժամանակի դեղին մամուլում, այլ բարձրակարգ մասնագիտական վերլուծութ­յուններում ու հետազոտություններում, միջազգային ֆինանսական կառույցների տված գնահատականներում։ Իսկ դրանցում տրված են միմիայն դրական, խրախուսական գնահատականներ։ Այլ բան է, որ 1998 թվականից հետո, Հայաստանում հաստատված բոլորո­վին այլ համակարգի պայմաններում, այս բարեփոխումներն ու դրանց բնականոն ընթացքը խեղվեցին ու խեղաթյուրվեցին։

12. Յուրաքանչյուր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեն տարբեր առարկայական գործոններ՝ տարածքը, ժողովր­դագրությունը (թվաքանակը), ռեսուրսները, աշխարհագրական դիրքը և այլն։ Բայց ոչ պակաս, երբեմն՝ հենց առաջնային նշանա­կություն է ձեռք բերում սուբյեկտիվ՝ ժողովրդի բարոյահոգեբանական գործոնը։ Հանգամանքների բերմամբ պատմության շատ տևական մի շրջան հայ ժողովրդի մեջ ձևավորվել էին բարդույթներ, որոնք նրա զարգացման ու առաջընթացի համար միայն կաշ­կանդիչ, խոչընդոտող դեր կարող էին խաղալ։ Դրանք մի կողմից առաջացել էին դարավոր անազատության մեջ գտնվելու վիճակից, մյուս կողմից՝ հենց այդ վիճակի ներգործությամբ ստեղծված պատմագրական, գրական, պատմագիտական գրականության ազդեցությամբ։ Այս ամենի անհերքելի ապացույցն է, ասենք՝ Փոքր Մհերին ժայռում փակելը, օտար լծից ազատվելու համար «Ֆռանկ թագավորին» սպասելը, «ռուսի ոտքը մեր աշխարհը մտնելու սհաթն օրհնելը», մեր առաջին հիմնի համար ընտրված՝ «Մեր հայ­րենիք, թշվառ, անտեր» խոսքերը, «մի խուլ Աստծու դատաստա­նի» սպասելը և այլն։ Մյուս կողմից, որպես այդ բարդույթների բնազդական-ինքնապաշտպանական հակազդեցություն, պատ­մության ինչ-ինչ դրվագների խիստ չափազանցմամբ կամ անհատ­ների գերհերոսականացմամբ ի հայտ էր գալիս քաղաքական իմաստով նույնքան վտանգավոր՝ ազգային սնապարծությունը։ Լրջագույն քաղաքական խնդիրներ լուծելու համար ազգային հո­գեբանությունից անհրաժեշտ էր բացառել թե՛ մեկը, թե՛ մյուսը։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման երկուսուկես տարիները նման խնդիր լուծելու համար պատմակա­նորեն չափազանց կարճ մի շրջան, էականորեն ջարդեցին հայ ժո­ղովրդի մեջ ազգային հատկանիշի վերածված դարավոր բարդույթները, ազգային մտածողության իռացիոնալիզմը։ Յուրա­քանչյուր հզոր հանրահավաք, փոքր ու մեծ յուրաքանչյուր նվա­ճում քայլ առ քայլ հայ մարդու մեջ նոր հոգեբանություն ու մտածողություն էր ներարկում, ազգային ինքնության ու մտածո­ղության նոր որակներ։ Ինքնանվաստացման բարդույթների ու մտածողության իռացիոնալիզմի վերացման այս գործընթացը նույն ինտենսիվությամբ շարունակվեց նաև Շարժման հաղթանա­կից հետո, նրա ձևավորած իշխանության տարիներին։

Այսօրվա հասարակության դեռ կեսից ավելին այն սերունդն է, որը շատ լավ է հիշում այն զգացողությունները, որ ունենում էր՝ լսելով «Շուշիի ազատագրման», «Լաչինի բացման», «Աղդամի գրավման», տասնյակ այլ հաղթանակների լուրերը։ Պատմության շատ-շատ հեռավոր էջերում վերջին անգամ հայկական բանակնե­րի համար օգտագործված «հաղթանակ», «ազատագրել» բառերը առաջացնում էին զգացումներ, որ չէին ունեցել նրա նախորդ տասնյակ սերունդներ։ Եվ նա պատրաստակամ գնում էր հնարա­վոր ամեն կարգի զոհողությունների՝ այդ հաղթանակների անմի­ջական կամ միջնորդավորված մասնակիցը լինելու, դրանցում ներդրում ունեցած լինելու հպարտության զգացում ապրելու հա­մար։ Այսօրվա հասարակության դեռ կեսից ավելին կազմող սե­րունդն ամբողջությամբ ունեցավ այդ ներդրումը և վայելեց բարձր այդ զգացումը՝ անմռունչ ու գլուխը բարձր կրելով պատերազմի տարիների բոլոր դժվարությունները։

1988-ից ի վեր, ընդամենը մեկ տասնամյակ՝ պատմականորեն չափազանց կարճ մի շրջան, հայ ժողովրդի մեջ դարերով ամ­րացած նվաստալի բարդույթներին փոխարինելու եկան ինք­նավստահությունը, սեփական ուժերին ապավինելու ու վստահելու մտածողությունը, ազգային արժանապատվութ­յան բոլորովին այլ մի զգացում, արժեքային բոլորովին այլ մի համակարգ՝ ամենաբարձր աստիճանում դնելով Ազատությու­նը՝ ոչ թե որպես տեսական գաղափար, այլ արդեն ձեռք բերված գերագույն արժեք։

13. Հայ իրականության մեջ առաջին անգամ ոչ թե դրսում կամ դրսի ազդեցությամբ, այլ Հայաստանում և լիակատար ինք­նուրույն ստեղծվեց պատմության մեջ հետագիծ թողած քաղաքա­կան մի ուժ՝ ի դեմս «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» և նրա նախաձեռնած «Հայոց համազգային շարժման»։

Հայ իրականության մեջ առաջին անգամ ոչ թե արտասահմա­նում, այլ Հայաստանում կազմվեց ազգային ազատագրման տա­նող և անկախ պետականության ստեղծման՝ գործողության մեջ դրված քաղաքական մի ծրագիր՝ ի դեմս Հայոց համազգային շարժման ծրագրի։

Եվ հայ իրականության մեջ առաջին անգամ այդօրինակ քաղա­քական մի ծրագիր իրականություն դարձավ իր բոլոր կետերով։

Սրանք անհերքելի ու պատմության մեջ պարտադիր արձանագրելի փաստեր են։

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ իշխանություն գնա­հատվում է իր գործունեության որոշակի շրջանում գրանցած քաղաքական արդյունքներով, աշխարհում այլ չափանիշ չկա։

Արդ, սակավագույն ռեսուրսների և ծանրագույն իրավիճակի պայ­մաններում, աննախադեպ համաժողովրդական համախմբմամբ ու քաղաքական հմտությունների գործադրմամբ, 1988-1998թթ. գրանցվեցին արդյունքներ, որոնց համարժեքը դժվար է գտնել հետխորհրդային որևէ հանրապետությունում։

Դրա համարժեքը դժվար է գտնել Հայոց պատմության վերջին հազարամյակի որևէ տասնամյակում։ Դրա համար պետք է ճանա­պարհորդել պատմության խորքերը։

Հայոց համազգային շարժումն իր դասական քաղաքական որակ­ներով, կայացվածությամբ և գործելակերպով շեշտակի առանձնա­ցավ Հայաստանի քաղաքական դաշտի մյուս բոլոր հին ու նոր միավորներից։ Տասնյակ օրինակներից հիշենք միայն ամենահայտ­նին. 1998թ. փետրվարի 3-ին քաղաքական այս ուժի առաջնորդ, Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարա­կան տվեց ոչ թե ընդդիմության ճնշմանը կամ ժողովրդի դժգոհությանը տեղի տալով։ Նա հրաժարական տվեց մաքուր քաղաքական հիմքի վրա՝ երբ Հայաստանի քաղաքական օրակարգի ամենակարևոր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նրա ծրա­գիրը հավանության չարժանացավ առանցքային պաշտոններ զբաղեցնող մի քանի անհատների՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավա­րության և Հայաստանի ուժային կառույցների ղեկավար՝ նրա թի­մակիցների կողմից։ Իշխանությունից այս կերպ, զուտ քաղաքական հիմքի վրա հեռանալը հատուկ է պետականության և քաղաքական կյանքի դարավոր ավանդույթներ ունեցող երկրներին։

Իշխող ուժի կայացածության ու դասական քաղաքական բնու­թագրի մասին է խոսում նաև այդ հրաժարականին հետևած եր­կու փաստ։

Երկրի Նախագահի հետ հրաժարական տվեցին նրա քաղաքա­կան թիմակից տասնյակ հանգուցային պաշտոնյաներ. Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակյանը և Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահներ Սամվել Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը և Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կա­ռավարման նախարար Գալուստ Գամազյանը, Երևանի քաղաքա­պևո Վանո Աիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդրակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդա­կաններ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քարտուղար Լևոն Զուրաբյանը, կադրերի բաժ­նի վարիչ Ժոզեֆ Ավետիսյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արշակ Բանուչյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբյանը, Երևա­նի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը և Վարդան Հարությունյանը։

Ընդ որում՝ նրանց բոլորին առաջարկվեց, շատերին խնդրեցին շարունակել իրենց պաշտոնավարումը։

Ազգային ժողովում Հայոց համազգային շարժման գլխավորած 115 հոգանոց «Հանրապետություն» խմբակցությունից (վեց կուսակցությունների դաշինք, նաև անկուսակցականներ) դուրս եկավ և նոր կազմավորվող իշխանական խմբակցություն տեղափոխվեց մեծագույն մասը, և դուրս չեկավ Հայոց համազգա­յին շարժման անդամ 45 պատգամավորներից և ոչ մեկը։

Այս ամենը վայել է ու բնութագրում է կայացած քաղաքական ուժին։

Համեմատության եզր կա՞ հայ իրականության մեջ եղած և առ­կա որևէ այլ քաղաքական ուժի հետ։

Քանի՞ մարդ կհետևեր Ռ. Քոչարյանին կամ Ս. Սարգսյանին նման դեպքում։

* * *

Բնական հարց կառաջանա. իսկ այդ ընթացքում (1988-1998թթ.) չե՞ն եղել սխալներ, չե՞ն եղել թերացումներ, բաց թողնված շան­սեր, «ստվերոտ կողմեր», իշխանության որևէ օղակում պաշտո­նեական դիրքի չարաշահումներ և այլն։

Անշուշտ՝ եղել են, ինչից անհնար է, որ խուսափի հատկապես նորանկախ որևէ երկրի իշխանություն ամենախառնակ ժամանակ­ներում։ Ճիշտ այնպես, ինչպես ամեն մի շինարարությունից, այն­պես էլ պետության կառուցումից գոյանում է երկու բան՝ կառույցը և շինարարական աղբը։ Կառույցը մնում է, օգտագործվում, հիշ­վում, գնահատվում, դառնում պատմական փաստ, աղբը հեռաց­վում է ու մոռացվում։ Ոչ թե հակառակը։

Պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը» վերնագրով գրքից: 


Աշխատանքը կատարվել է Հայ ազգային կոնգրեսի վարչության 18.04.2015 թ. հետևյալ որոշման համաձայն. «Ուսումնասիրել և վերհանել ԲՈւՀ-երի և հանրակրթական ուսում­նական հաստատությունների պատմության դասագրքերում տեղ գտած՝ նորանկախ Հայաստանի պատմական իրադարձություննե­րի խեղաթյուրման փաստերը՝ սրանց հետ կապված առաջարկներ մշակելու նպատակով»։ Նույն որոշմամբ կազմվել է աշխատանքա­յին խումբ: Աշխատանքային խմբի հանձնարարութ­յամբ հեղինակն իրականացրել է սույն հետազոտությունը, որը քննարկվել է ու հարստացվել ինչպես նույն աշխատանքային խմբում, այնպես էլ Հայ ազգային կոնգրեսի Կրթության, գիտութ­յան և մշակույթի հանձնաժողովում:

News-line.am-ի խմբագրությունն առաջարկում է վերոշարադրյալը նույնությամբ ներառնել Հայոց պատմության և բուհական, և դպրոցական դասագրքերում։

Տեսանյութում և լուսանկարում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Լիսաբոնի գագաթաժողովում. Հայաստանը վետո է կիրառում - 1996

ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում ներկայացված բանաձևն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմամբ: Հայաստանի Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառում, և բանաձևի ընդունումը տապալվում է:

1999 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց Ստամբուլի խարտիան՝ ընդունելով այն, ինչի ընդունումը դրանից 3 տարի առաջ վետոյով կասեցրել էր Հայաստանը:



Ըստ թեմայի կարդացեք նաև

  • «Ժամանակ». Դավիթ Շահնազարյանը Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի ծրագրերի սպասարկողն է
  • Կիսվել սոցցանցում

    Թողնել մեկնաբանություն 0

    avatar
     Կարդալ հետո

    14:35 - 18.01.2019 Հայաստան 
    Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել
    14:00 - 18.01.2019 Հայաստան 
    Արարատ Միրզոյանի ճեպազրույցը լրագրողների հետ
    13:50 - 18.01.2019
    Գագիկ Ծառուկյան. Մենք կենտրոնամետ ուժ ենք (տեսանյութ)
    12:00 - 18.01.2019 Հայաստան 
    Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը (ուղիղ)
    10:32 - 18.01.2019 Հայաստան 
    Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
    10:00 - 18.01.2019 Մամուլ 
    AFP. Ցմահ բանտարկություն՝ լրագրողի սպանության համար
    09:54 - 18.01.2019 Մամուլ 
    «Փաստ». Կապանի քաղաքապետի ունեցվածքը
    09:35 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից
    09:25 - 18.01.2019 Մամուլ 
    «Հրապարակ». Ով է գլխավորելու ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը
    09:15 - 18.01.2019 Մամուլ 
    «Առավոտ».  Դավիթ Բաբայան. «Ո՞նց պատրաստենք խաղաղության»
    09:10 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». Ներվում են տաքսիստները
    09:05 - 18.01.2019 Մամուլ 
    DW. Թուրքիայում կալանավորվել և արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհին
    09:00 - 18.01.2019 Տեղեկատու 
    Պատմության այս օրը. հունվարի 18
    08:55 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Հայաստանի ընտրություններից որևէ բողոք չկա
    08:50 - 18.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայաց­վել
    08:45 - 18.01.2019 Տեղեկատու 
    Ճանապարհները հունվարի 18-ին
    08:40 - 18.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». 700 միլիոն եվրո կհասնի Հայաստանին
    08:35 - 18.01.2019 Մամուլ 
    Reuters. Ձերբակալվել է Մակրոնի նախկին թիկնապահը
    08:30 - 18.01.2019 Տեղեկատու 
    Եղանակը հունվարի 18-ին
    08:15 - 18.01.2019 Տեղեկատու 
    Հոսանքազրկում հունվարի 18-ին
    08:05 - 18.01.2019 Մամուլ 
    РБК.
    08:00 - 18.01.2019 Տեղեկատու 
    Այսօր հունվարի 18-ն է
    21:00 - 17.01.2019 Հայաստան 
    Ճանապարհային «կանաչ» նշաններ՝ Երևանում (տեսանյութ)
    20:30 - 17.01.2019 Հայաստան 
    ՄԻԵԴ-ը՝ Մայրապետյանի գործով որոշում է կայացրել
    20:00 - 17.01.2019 Խոսք 
    Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը
    19:30 - 17.01.2019 Խոսք 
    ԻԻՀ ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ
    19:00 - 17.01.2019 Հայաստան 
    Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
    16:01 - 17.01.2019 Հայաստան 
    «Մարտի 1»-ի գործով նախորդ իշխանությունների իրականացված հետաքննությունը միակողմանի էր
    15:00 - 17.01.2019 Հայաստան 
    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
    14:28 - 17.01.2019 Հայաստան 
    Վարչապետի երեք բանաձևը (տեսանյութ)
    14:00 - 17.01.2019 Հայաստան 
    Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից
    13:00 - 17.01.2019 Հայաստան 
    Փոփոխություններ ընտանեկան նպաստի ծրագրում
    12:49 - 17.01.2019 Հայաստան 
    Բացահայտել է «Հայանտառ»-ի աշխատակիցների մասնակցությամբ կոռուցպիոն բնույթի հանցագործություն
    12:30 - 17.01.2019 Հայաստան 
    Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքի փոփոխություններին
    12:01 - 17.01.2019 Հայաստան 
    ԵՄ-ն ու ՀԲ-ն ավելի քան 700 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանին
    11:30 - 17.01.2019 Հայաստան 
    Արմեն Գևորգյանի գործով բողոքների քննությունը (ուղիղ)
    11:00 - 17.01.2019 Հայաստան 
    Կառավարության նիստը (ուղիղ)
    10:30 - 17.01.2019 Արցախ 
    ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը
    10:00 - 17.01.2019 Հայաստան 
    Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը (ուղիղ)
    09:50 - 17.01.2019 Մամուլ 
    АиФ. Ինչպես է Պուտինը ծանոթանում օրվա լրահոսին
    09:35 - 17.01.2019 Մամուլ 
    Daily Mail. Ճապոնայում «աշխատանքից ազատել է» ռոբոտներին
    09:30 - 17.01.2019 Տեղեկատու 
    Պատմության այս օրը. հունվարի 17
    09:20 - 17.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը խեղաթյուրված են
    09:10 - 17.01.2019 Մամուլ 
    «Ժողովուրդ». ՀՅԴ-ի կարևոր թևերը կբռնեն Ռուստամյանի կողմը
    09:05 - 17.01.2019 Մամուլ 
    Reuters. Բրիտանիան մարտի 29-ին կլքի ԵՄ-ն
    09:00 - 17.01.2019 Տեղեկատու 
    Հայ Առաքելական Եկեղեցին նշում է
    08:55 - 17.01.2019 Մամուլ 
    «Հրապարակ». Իշխանությունները պաշտոն չեն վստահի Կոստանյանին
    08:50 - 17.01.2019 Մամուլ 
    «168 ժամ». Հայաստանը կարող է օգտվել ԵՄ ներդրումային ծրագրից
    08:45 - 17.01.2019 Տեղեկատու 
    Ճանապարհները հունվարի 17-ին
    08:40 - 17.01.2019 Մամուլ 
    AFP. ԱՄՆ-ը պարտության կմատնի «Իսլամական պետությանը»
    08:35 - 17.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Հայաստանը պետք է չհապաղի
    08:30 - 17.01.2019 Տեղեկատու 
    Եղանակը հունվարի 17-ին
    08:25 - 17.01.2019 Մամուլ 
    AP. Նախագահական ընտրություններում տարիքը խոչընդոտ չէ
    08:20 - 17.01.2019 Տեղեկատու 
    Ջրանջատում հունվարի 17-ին
    08:15 - 17.01.2019 Մամուլ 
    «ՀԺ». Կապանի օդանավակայանն ամռանը պատրաստ կլինի
    08:10 - 17.01.2019 Տեղեկատու 
    Հոսանքազրկում հունվարի 17-ին
    08:05 - 17.01.2019 Մամուլ 
    «Առավոտ». Պատրասվում ենք խաղաղության
    08:00 - 17.01.2019 Տեղեկատու 
    Այսօր հունվարի 17-ն է
    23:32 - 16.01.2019 Հայաստան 
    Վահե Գրիգորյան. Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները (տեսանյութ)
    23:00 - 16.01.2019 Հայաստան 
    Հայերեն լույս է տեսել Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» գիրքը
    22:48 - 16.01.2019 Հայաստան 
    Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Արման Բաբաջանյանին
    22:00 - 16.01.2019 Ժամանց 
    Այսօր The Beatles-ի համաշխարհային օրն է (տեսանյութ)
    21:00 - 16.01.2019 Խոհանոց 
    Օրվա բաղադրատոմսը. Հետտոնական դիետա (օր յոթերորդ)
    20:00 - 16.01.2019 Տեղեկատու 
    Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա
    19:00 - 16.01.2019 Հայաստան 
    Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառված վնասը՝ ավելի քան 327 մլն. դրամ
    17:55 - 16.01.2019 Հայաստան 
    Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը նշանակվել են փոխվարչապետեր
    17:00 - 16.01.2019 Հայաստան 
    Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ
    16:00 - 16.01.2019 Հայաստան 
    ԱԺ պատգամավորը սխալ է մեկնաբանում բենզինի գնի նվազումը
    15:00 - 16.01.2019 Հայաստան 
    Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը ավարտվեց
    14:06 - 16.01.2019 Հայաստան 
    ՊԵԿ նախագահի ասուլիսը՝ ուղիղ
    13:12 - 16.01.2019 Հայաստան 
    Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան
    13:00 - 16.01.2019
    UIC Armenia. Հայաստանում դպրոցների մատչելիությունը ոչ միշտ է համապատասխանում նորմերին
    12:30 - 16.01.2019 Արցախ 
    ԱԳՆ.Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
    12:00 - 16.01.2019 Հայաստան 
    ՄԻՊ. Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. հարուցվել է քրգործ
    11:18 - 16.01.2019 Հայաստան 
    Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը (ուղիղ)
    10:22 - 16.01.2019 Հայաստան 
    «Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»
    10:01 - 16.01.2019 Հայաստան 
    Ազգային ժողովի նիստը (ուղիղ)
    09:45 - 16.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները
    09:15 - 16.01.2019 Մամուլ 
    «Ժամանակ». Կտրուկ վատացել է Ռուբեն Հայրապետյանի առողջական վիճակը
    09:10 - 16.01.2019 Մամուլ 
    «Փաստ». Ո՞վ կլինի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը

    ԳՈՎԱԶԴ

    ՄՈՒՏՔ ԿԱՅՔ
    Ամենադիտվածները 1-18.1.2019
    10.01.2019 Հայաստան
    Քոչարյանի փաստաբաններից մեկը 300 հազար դոլարանոց բնակարան է փնտրում. Scannews.tv    (1119)
    10.01.2019 Խոսք
    Բացառիկ տեսագրություն. հանդիպում-բանակցություն՝ 1994թ. զինադադարից առաջ    (1101)
    17.01.2019 Խոսք
    Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը    (949)
    13.01.2019 Հայաստան
    Փաստեր «Մթի ու ցրտի» մասին    (910)
    03.01.2019 Հայաստան
    Wikileaks: Ինչպես էր 91-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում անկախությունը    (579)
    04.01.2019 Հայաստան
    Հակոբ Հակոբյան. Բոլոր սև գործերի հետևում Աղվան Հովսեփյանն է    (478)
    05.01.2019 Խոսք
    Արսեն Թորոսյան. «Կոչ եմ անում հանգիստ լինել և չմատնվել խուճապի»    (468)
    10.01.2019 Հայաստան
    Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել    (467)
    13.01.2019 Հայաստան
    «Էս գործը հանգիստ ա սիրում». հարցազրույց Վանո Սիրադեղյանի հետ    (458)
    09.01.2019 Խոսք
    Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, մեծարգո Նախագահ    (392)
    09.01.2019 Հայաստան
    1990-1998 թթ. իրողություններն ու քաղաքական արդյունքները (տեսանյութ)    (388)
    13.01.2019 Հայաստան
    Արսեն Թորոսյանին Արմավիրի բժշկական կենտրոնում չէին սպասում (տեսանյութ)    (377)
    08.01.2019
    ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի հայտարարությունը (տեսանյութ)    (362)
    09.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Զանգ ստացավ ու սկսեց ինձ ծեծել    (350)
    09.01.2019 Խոսք
    ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվել է ուսանող, որը ստիպել է զբաղվել ՀՀԿ-ի գովազդով    (319)
    08.01.2019 Հայաստան
    Վահագն Հարությունյանը կկալանավորվի    (291)
    12.01.2019 Հայաստան
    Այսօր լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 4-րդ տարելիցը (տեսանյութ)    (291)
    07.01.2019
    ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ    (287)
    16.01.2019 Հայաստան
    Վահե Գրիգորյան. Դատական համակարգը պետք է լքեն բոլոր օդիոզները (տեսանյութ)    (246)
    16.01.2019 Հայաստան
    Հայկ Կոնջորյան. Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ    (241)
    03.01.2019 Հայաստան
    Հունվար ամսվա կենսաթոշակի վճարումը    (227)
    11.01.2019 Հայաստան
    ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել    (220)
    07.01.2019 Հայաստան
    Հրապարակվել է ԱԺ պատգամավորների ցուցակը    (198)
    14.01.2019 Հայաստան
    Քոչարյանի գործով արդեն երրորդ դատավորն է ինքնաբացարկ ներկայացնում    (191)
    11.01.2019 Հայաստան
    Հայաստանում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել    (180)
    03.01.2019 Հայաստան
    2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից    (178)
    06.01.2019 Հայաստան
    Նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ Է    (175)
    16.01.2019 Հայաստան
    Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատի տալ Արման Բաբաջանյանին    (169)
    10.01.2019 Մամուլ
    «Առավոտ». Եթե Քոչարյանն է վերցրել, ես մո­տիկ գնալ չեմ ուզում    (168)
    13.01.2019 Հայաստան
    Բագրատ Ասատրյան. «Ռոբերտ Քոչարյանին եթե ազատեն, գազի գինը կիջնի. հիմարություն է սա»    (146)
    10.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Ինչ մի­ջոցներով է «քառյակը» գնել թանկարժեք լրատվամիջոցները    (145)
    16.01.2019 Տեղեկատու
    Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն կտեղա    (134)
    15.01.2019 Մամուլ
    «Առավոտ». Նախկին ռեժիմից ստացած դատավորների զանգերը էֆեկտիվ չեն    (131)
    16.01.2019 Հայաստան
    Միքայել Մինասյանը Հայաստանի լավագույն դեսպաններից է եղել. Արման Բաբաջանյան    (130)
    15.01.2019 Մամուլ
    «Հրապարակ». ՀՅԴ-ականները՝ Փաշինյանի «ինադու»    (129)
    11.01.2019 Հայաստան
    Դավիթ Սանասարյան. ԵՊՀ ռեկտորը պատասխան է տալու (ուղիղ)    (129)
    16.01.2019 Հայաստան
    «Հրաժարվում է ՀՀ քաղաքացի լինելուց». հայրը երեխաների հետ քայլում է դեպի Վրաստանի սահման. «Ա1+»    (125)
    11.01.2019 Հայաստան
    Օպերայի հարակից տարածքը կանաչապատսելու է. սրճարանատերերը ծանուցում են ստացել    (125)
    09.01.2019 Մամուլ
    «Ժամանակ». Գործ ունի անելու նաև գլխավոր դատախազությունը    (125)
    14.01.2019 Հայաստան
    Մեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը (ուղիղ)    (124)
    12.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Գաղտնալսման գործով հարցաքննվել է «Մարտի 1»ի գործի վկան    (123)
    07.01.2019 Հայաստան
    Anonymous-ը գաղտնազերծել է, թե ովքեր են Հայաստանում զբաղվում ռուսական քարոզչությամբ    (123)
    17.01.2019 Մամուլ
    «ՀԺ». Ապրիլյան պատերազմի հետ կապված փաստերը խեղաթյուրված են    (119)
    13.01.2019 Տարածաշրջան
    «Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը»    (117)
    17.01.2019 Հայաստան
    Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)    (117)
    06.01.2019 Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով (տեսանյութ)    (116)
    10.01.2019 Մամուլ
    «ՀԺ». «Զվարթնոցում» գեներալ Մանվելն այլևս մենաշնորհ չունի    (111)
    08.01.2019 Հայաստան
    Պետական կառույցները պետբյուջեի հաշվին թանկարժեք զուգարանի թղթեր են գնում    (110)
    08.01.2019 Հայաստան
    ՌՈ-ն նյութեր է նախապատրաստում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)    (110)
    06.01.2019 Հայաստան
    Սուրբ ծննդյան պատարագ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ուղիղ)    (108)


    ՕՐԱՑՈՒՅՑ
    «  Հունվար 2019  »
    ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031
    Պիտակներ
    ԱՄՆ (24)
    ԼՂ (18)
    Reuters (17)
    ՀՀԿ (14)
    ԵՄ (13)
    ԿԸՀ (11)
    ՀՔԾ (9)
    ԱԱԾ (8)
    ՀՅԴ (8)
    ԲՀԿ (6)
    ՄԻՊ (6)
    forbes (5)
    РБК (5)
    fip.am (4)
    ՔՊ (4)

    ԳՈՎԱԶԴ
    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Яндекс.Метрика

    Առցանց են՝ 8
    Հյուրեր՝ 7
    Օգտատերեր՝ 1
    ivaadamyan